© 2025 Ararat Challenge
Գաղտնիություն13.04.2021
Երբ 10-ամյա Արեն Ալթունյանը պատմում է իր գյուղի՝ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղերի (Մեծ Թաղլար) մասին, թվում է, թե այնտեղ արդեն եղել ես, այն էլ՝ մի քանի անգամ: Գնացել ես տարվա բոլոր եղանակներին, հիացել ես բնությամբ, հյուր ես եղել Արենի տանը, շփվել ես հետաքրքիր մարդկանց հետ, տեսել ես ամենաանհավանական վայրեր, վերադարձել ես այնտեղից վառ, անմոռանալի տպավորություններով: Իսկ Արենը դեռ ոգեւորված պատմում է. «Մեր տունը գյուղի ծայրին է: Հարեւան անտառներից մեզ հաճախ են «հյուրեր» գալիս՝ վայրի կենդանիներ: Շրջում են տան մոտ ու հեռանում: Հետո նորից են գալիս»: Արենի աչքերը փայլում են, դեմքին ժպիտ է:
Նրա խոսքում անցյալ ժամանակ չկա, միայն ներկա: Գուցե այն պատճառով, որ Արենը մտքով դեռ ապրում է իր միջավայրում, իր համադասարանցիների ու հարեւան տղաների կողքին, որոնց հետ է անցկացնում ազատ ժամանակը, իր գաղտնիքներն է պահ տալիս նրանց, իր երազանքները: Օրինակ՝ որ ուզում է ֆուտբոլիստ դառնալ, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, կամ փայտագործ՝ ինչպես իր հայրը: Եվ եթե ֆուտբոլի առումով դեռ առանձնապես հաջողություն չունի, քանի որ գյուղում ֆուտբոլի դաշտ չկար, հոր արհեստը նա արդեն լավ գիտի: Ինքն արդեն մի դուռ է պատրաստել, նաեւ օգնել է հորը մահճակալ պատրաստելիս: Հիմա էլ կարող էր օգնել, բայց հայրը վերադարձել է Արցախ, աշխատում է Ստեփանակերտում:
Ի տարբերություն իր շատ հասակակիցների, որոնք Երեւան են եկել Արցախից, նա հեշտ է ընտելացել: Ջերմ ընդունելություն դպրոցում, «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի տնակում», նոր ընկերներ, որոնց հետ է անցկացնում իր բոլոր հաճելի պահերը: Եվ ամենակարեւորը. Երեւանում՝ այն տնից ոչ հեռու, որտեղ ապրում է Արենը, ֆուտբոլի դաշտ կա: «Էնքան լավ է, որ ժամերով կարող ես գնդակ տշել, թիմով խաղալ: Ես արդեն գոլ եմ խփում»,- հպարտանում է Արենը: Բայց փոքրիկ արցախցին հպարտանալու ուրիշ առիթներ էլ ունի: Օրինակ՝ բազմաթիվ պատվոգրերը, որոնք ստացել է դպրոցում գերազանց ուսման համար եւ Մեծ Թաղեր գյուղի կարատեի սեկցիայում: Այստեղ էլ՝ Երեւանում, Արենը ջանում է լավ սովորել, որպեսզի ոչ ոք չկասկածի իր գյուղական դպրոցի չափորոշիչներին: Սեղանին նրա սիրած հեղինակների՝ Հովհաննես Թումանյանի եւ Հովհաննես Շիրազի գրքերն են:
Անդոն, Միքայելը, Իշխանը, Սերժը եւ Արթուրն Արենի նոր ընկերներն են, որոնց հետ ծանոթացել է Երեւանում: Այդ ընկերությունը շատ թանկ է նրա համար: Նրանք իրեն ֆուտբոլի դաշտ տարան եւ ֆուտբոլ խաղալ սովորեցրին: Հարցնում եմ. «Կարո՞ղ է պատահել, որ մի օր քո անունը լսենք հեղինակավոր ֆուտբոլային մրցումներում»: «Չգիտեմ: Ես շատ եմ ուզում: Ամեն ինչ կանեմ, շատ, շատ-շատ կաշխատեմ, ոնց որ մեր Հենրիխ Մխիթարյանը»,- ասում է Արենը:
Արենն էլ իր հերթին երեւանյան ընկերներին սովորեցրել է Արցախի բարբառը: «Սկզբում ինձ չէին հասկանում, ծիծաղում էին, հետո սովորեցին: Մի անգամ մամաս մեր ֆիրմային ժենգյալով հացը պատրաստեց: Ընկերներիս հրավիրեցի: Ուտում էինք, խոսում էինք, նրանք փորձում էին մեր բարբառով խոսել, մենք ծիծաղում էինք, շատ ուրախ էր… ոնց որ մեր գյուղի տանը»:
Արենն առաջին անգամ Նոր տարին դիմավորեց ոչ իր հայրական տանը: «Բարի տնակում» արեցին ամեն ինչ, որպեսզի պատանի արցախցիները, այստեղ ունենալով հոգեբանական ծառայության աջակցություն, լիովին տրվեն տոնական ու անհոգ տրամադրությանը: Բայց այ քեզ փորձանք. Ձմեռ պապը կորել էր: Էլ ի՞նչ տոն առանց Ծննդյան տոնի եւ Նոր տարվա գլխավոր դերակատարի: Ձմեռ պապին որոնելու նետվեցին տոնակատարության բոլոր մասնակիցները: Նրան Արենը գտավ: Իսկ երբ Պապը որոշեց բոլոր երեխաներին հեքիաթ պատմել Արցախի բարբառով, Արենն ստանձնեց մի հայերենից մյուս հայերենին թարգմանելու պատվավոր դերը:
Ամանորի շեմին ընդունված է մտքում ցանկություն պահել եւ Ձմեռ պապից նվեր խնդրել: Տիկնիկների, խաղալիքների, խաղերի, մեքենաների, հեծանիվների, անվաչմուշկների շարքում կար մեկը, որ տարբերվում էր բոլորից… Սպիտակ թղթի վրա ընթեռնելի ձեռագրով գրված էր. «Ուզում եմ, որ բոլորի համար խաղաղություն լինի»: Ստորեւ ստորագրությունը՝ Արեն Ալթունյան, Արցախ, Հադրութի շրջան, գյուղ Մեծ Թաղեր:
Տեղեկանք
«Բարի մամա» հասարակական կազմակերպություն՝ ոչ առեւտրային կազմակերպություն, որը կամավոր աջակցում է ծնողազուրկ երեխաներին: Հիմնադրվել է 2015 թվականին:
«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տրամադրած 10․000 ԱՄՆ դոլար (5.1 մլն դրամ) գումարով աջակցել է պատերազմից տուժած 600 արցախցի տեղահանվածների:
Էլեոնորա Մալխասյան